Ո՞վ է կոնտենտ գրողը

Կոնտենտ գրող, քոնթենթ գրող, բովանդակագիր. ահա այն բառերը, որոնցով կոչում են տվյալ մասնագետին: Տերմինն առաջացել է անգլերեն content writer արտահայտությունից, և շատ հաճախ հենց այդպես էլ օգտագործվում է նաև մեր լեզվում, հատկապես մասնագիտական շրջանակներում:

Լավ, իսկ ինչո՞ւ է կոնտենտ գրողն առանձնացվում որպես մասնագիտություն, չէ՞ որ սկզբունքորեն ցանկացած մեկը, որ գրում/ստեղծում է բովանդակություն (այդ թվում լրագրողները, գրողները և նմանատիպ գործունեությամբ զբաղվողները) կարող են համարվել կոնտենտ գրող:

Դա և՛ այդպես է, և՛ այդպես չէ: Բանն այն է, որ կոնտենտ գրող կոչում են այն մասնագետին, որն ստեղծում է բովանդակություն կայքերի համար: Եվ քանի որ գրելու հետ կապված այլ մասնագիտություններն արդեն ունեն անուններ, կայքերի համար բովանդակություն ստեղծողն էլ կոչվում է հենց այդպես՝ ուղղակի կոնտենտ գրող կամ բովանդակագիր: Ընդ որում խոսքը վերաբերում է ոչ միայն կորպորատիվ կայքերին ու բլոգներին, այլև սոցցանցերին:

Իսկ ո՞րն է կոնտենտ գրելու առանձնահատկությունը, մի՞թե դա սովորական տեքստ չէ:

Այո՛, հարցն էլ հենց այն է, որ դա սովորական տեքստ չէ: Ի տարբերություն լրագրողական տեքստերի, որոնք գրվում են հասարակության լայն զանգվածների համար և պարունակում են զուտ ինֆորմացիա, ոչ լրատվական կայքերի տեքստերին ներկայացվող պահանջները փոքր-ինչ այլ են: Ցանկացած կայք ստեղծվում է որոշակի նպատակով և ըստ այդմ էլ նախատեսված է լինում հասարակության որոշակի հատվածի համար: Հետևաբար, ինֆորմացիա տրամադրելուց բացի, կայքը պետք է գրված լինի իր լսարանի լեզվով՝ հաշվի առնելով տարիքն ու սեռը, աշխարհագրական տեղակայումը, հետաքրքրությունները, զբաղմունքը և այլն:

Վեբկայքերի համար ստեղծվող բովանդակությունը պետք է լուծի ևս մեկ կարևոր խնդիր՝ պարունակի ճիշտ ընտրված և ճիշտ օգտագործված բանալի բառեր, որոնք շատ կարևոր են որոնման համակարգերում կայքի օպտիմալացման (SEO) համար: Ահա այս հարցում մասնագիտացած բովանդակագիրներն էլ կոչվում են seo կոնտենտ գրողներ:

Սպասե՛ք, սա դեռ ամենը չէ: Շատ դեպքերում բովանդակությունը պետք է ոչ միայն լինի թիրախային լսարանի լեզվով գրված կամ պարունակի բանալի բառեր, այլև պետք է լուծի մարքեթինգային խնդիր՝ նպաստի ապրանքի կամ ծառայության վաճառքին: Այս դեպքում էլ անհրաժեշտ են մարքեթինգային որոշակի գիտելիքներ և վաճառքի հմտություններ: Ահա այս հարցում հմտացած մասնագետներին էլ կոչում են քոփիրայթերներ:

Կոնտենտ գրո՞ղ, թե՞ քոփիրայթեր

Մեկը մյուսին չի խանգարում: Միևնույն մասնագետը կարող է գրել թե՛ կոնկրետ լսարանի համար նախատեսված բովանդակություն, թե՛ բանալի բառերով օպտիմալացված տեքստեր և թե՛ մարքեթինգային բնույթ կրող տեքստեր: Դե, իսկ եթե նշված բոլոր հմտությունները միաժամանակ հանդես չեն գալիս, կամ ինչ-ինչ պատճառներով նախապատվությունը տրվում է դրանցից մեկին, ոչ մի խնդիր չկա: Պետք է իմանալ, սակայն, որ միաժամանակ բոլոր հմտություններին տիրապետելն օգնում է լինել առավել պահանջված մասնագետ:

Արդյո՞ք պահանջված է մասնագիտությունը

Քոփիրայթերի և կոնտենտ գրողի մասնագիտությունն ամենապահանջվածներից է թվային մարքեթինգում: Չկա բովանդակություն՝ չկա մարքեթինգ: Իսկ հենց թվային մարքեթինգի պահանջված լինելու մասին խոսելն ավելորդ է, քանի որ օրեցօր թվայնացող աշխարհում թվային մարքեթինգն օր-օրի դիրքեր է նվաճում, և այլևս հնարավոր չէ պատկերացնել որևէ բիզնեսի զարգացումն առանց կայքերի, սոցցանցերի և թվային այլ հարթակների:

Այնպես որ սովորե՛ք, հմտացեք՛, ձեռք բերեք պահանջված մասնագիտություն:
Հ.Գ. Եթե ձեզ պարզապես կայքի կամ այլ հարթակի համար բովանդակութուն է անհրաժեշտ, դիմե՛ք, սիրով կօգնենք:

Հ.Հ.Գ Եթե ցանկանում եք մասնագիտանալ որպես կոնտենտ գրող, էլի՛ դիմեք, դարձյալ սիրով կօգնենք 🙂

Կիսվել՝

Այլ հոդվածներ

Ուղարկել հաղորդագրություն

Մարիամ Մուրադյան

Մարիամ Մուրադյան

Ողջո՜ւյն: Ուրախ եմ տեսնել ձեզ իմ կայքում: Ես Մարիամն եմ՝ կոնտենտի վարպետ :) Առաջին երկու մասնագիտություններս են լեզվաբանությունն ու լրագրությունը: Աշխատել եմ խմբագրություններում ու հրատարակչություններում, ուսումնական հաստատություններում: 2014 թվականից սկսեցի կոնտենտ գրել նաև կայքերի համար, աստիճանաբար հմտացա քոփիրայթինգում ու թվային մարքեթինգում: Այժմ զբաղվում եմ թվային մարքեթինգի խորհրդատվությամբ ու մասնավորապես կայքերի օպտիմալացմամբ, բայց չեմ դադարում սիրել գրելը :) Գրում եմ կայքերի ու սոցցանցերի համար, մշակում եմ ուղեցույցներ, կարգեր, տեխիկական առաջադրանքներ, ուսումնական ծրագրեր...