Բժշկական բառարան

Բժշկական տեքստերի հետ աշխատանքի 20 տարվա փորձն ինձ ուղղակի ստիպեց անտարբեր չանցնել ու նշել սոցցանցերում ու կայքերում շատ հաճախ հանդիպող այս տերմինների ճիշտ գրությունը՝ կարճ բացատրություններով:
Հուսամ՝ չեմ ալարի ու ժամանակի ընթացքում կլրացնեմ ցանկը:

կապա կապպա

Կապա-ն հայերենում արդեն գոյություն ունեցող բառ է (թեև այսօր արդեն գրեթե չի գործածվում, երևի միայն գեղարվեստական գրքերում հանդիպի), նշանակում է կնոջ կամ տղամարդու երկար զգեստ, վերարկու:

Կապպա-ն (որը կապա են գրում սխալմամբ) ստոմատոլոգիական ոլորտին է պատկանում՝ ատամնաշարի շտկման համար գործածվող օրթոդոնտիկ հարմարանք է։

կլման ակտ կլլման ակտ (կլլել՝ կուլ տալ կամ կլանել բառից)
Հաճախ բառարմատին անծանոթ լինելով՝ գրում են 1 լով, սակայն բառի արմատը կլլելն է՝ կուլ տալը, հետևաբար՝ կլլման ակտ:

հիպոքսիա հիպօքսիա
Այստեղ գործ ունենք օքսիա (հունարեն oxys՝ թթու, թթվածին) արմատի հետ, հետևաբար բառամիջում պետք է գրվի կլոր օ 😉 : Նույն կերպ են գրվում նաև այդ արմատից կազմված այլ բառերը՝ հակաօքսիդանտ, հիդրօքսիդ ևն:

պարոդոնտիտ պարօդոնտիտ
Այստեղ նույնպես գործ ունենք օ-ով սկսվող՝ օդոնտոս արմատի հետ, հունարեն odontos-ատամ բառից, հետևաբար բառամիջում գրում ենք նույն՝ դեռ դպրոցից ծանոթ կլոր օ-ն: Նույն կերպ են գրվում նաև odontos արմատով կազմված այլ բառերը՝ պարօդոնտոզ, պարօդոնտիտ:
Նշում. օդոնտոս-ի դեպքում օրթոդոնտիան էլ պետք է օրթոօդոնտիա գրվի, բայց, չգիտես ինչու, նույնիսկ դասագրքերում բառամիջում «ո» է, ու չեմ համարձակվում պնդումներ անել 😐

Picture of Մարիամ Մուրադյան

Մարիամ Մուրադյան

Ողջո՜ւյն: Ուրախ եմ տեսնել քեզ իմ կայքում: Ես Մարիամն եմ՝ տեքստերի վարպետ :) Առաջին երկու մասնագիտություններս են լեզվաբանությունն ու լրագրությունը: Աշխատել եմ խմբագրություններում ու հրատարակչություններում, ուսումնական հաստատություններում: 2014 թվականից սկսեցի տեքստային բովանդակություն ստեղծել նաև կայքերի համար, աստիճանաբար հմտացա քոփիրայթինգում ու թվային մարքեթինգում: Այժմ զբաղվում եմ թվային մարքեթինգի խորհրդատվությամբ ու մասնավորապես կայքերի օպտիմալացմամբ, բայց չեմ դադարում սիրել գրելը :) Գրում եմ կայքերի ու սոցցանցերի համար, մշակում եմ ուղեցույցներ, կարգեր, տեխիկական առաջադրանքներ, ուսումնական ծրագրեր... Ես ու իմ թիմը պատրաստ ենք օգնելու նաև քեզ, եթե անհրաժեշտ է տեքստային բովանդակության ստեղծում, թարգմանություն, սրբագրում կամ խմբագրում, գրքի հրատարակություն կամ կայքի առաջխաղացում )