Դիպվածային բառերը թվային աշխարհում

Դիպվածային բառերի մասին անշուշտ լսել եք: Եթե ոչ՝ ասենք, որ դիպվածային բառերը պահի, դիպվածի թելադրանքով ստեղծված նոր բառեր՝ նորաբանություններ են, որոնք կարող են հանդիպել թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքում: Հետաքրքիրն այն է, որ դիպվածային բառերն ստեղծվում են ինքնաբուխ կերպով, պահի թելադրանքով, դրանք ստեղծողը երկար չի մտածում նոր բառ հորինելու մասին:

Սովորաբար դիպվածային բառերի նպատակն է լինում ավելի դիպուկ, նորովի, հասկանալի կերպով բնութագրել առարկան կամ երևույթը: Այս բառերը հանդիպում են թե՛ առօրյա-խոսակցական ոճում, թե՛ մասնագիտական բառապաշարում և այլուր: Եվ քանի որ մեր բլոգը շոշափում է թվային հարթակների բովանդակությանն առնչվող հարցերը, փորձենք դիտարկել հենց թվային աշխարհում հանդիպող դիպվածային բառերը: Թվարկենք մի քանի դիպվածային բառ՝

  • այթիշնիկ (IT մասնագետ)
  • գուգլել (Google-ում որոնել-գտնել)
  • զմայլիկ (smiley – սմայլիկ/էմոջիի հայերեն տարբերակ)
  • էսեմեմշիկ (smm մասնագետ)
  • ծրագրամիստ 🙂
  • սեօշնիկ (seo մասնագետ)
  • սրտիկել (սրտիկ նշանով հավանություն տալ)

Ցանկն անշուշտ շարունակելի է…

Կարելի է նկատել, որ դիպվածային բառերում ավելի ուժեղ է արտահայտչական գործառույթը, քան անվանողականը, ի տարբերություն կանոնական բառերի:

Նկատենք նաև, որ դիպվածային բառերը հիմնականում կապված են համատեքստին և չեն կարող օգտագործվել այլ համատեքստում: Օրինակ՝ սրտիկել բառն օգտագործվում է միմիայն սոցցանցերում, օգտատերերի վերաբերմունքն արտահայտելու համար:

Շատ դիպվածային բառեր կարող են ունենալ միայն մեկանգամյա գործածություն և չտեղափոխվել բառապաշարի այլ շերտեր, որոշներն էլ ակտիվորեն տարածվում և արմատավորվում են բառապաշարի այլ շերտերում: Օրինակներ՝

  • Գուգլել բառն արդեն դիրքավորվել է մասնագիտական բառապաշարում
  • Այթիշնիկ, սեօշնիկ և -շնիկ վերջավորությամբ այլ դիպվածային նորաբանությունները փոխառություն են ռուսերենից, որտեղ նույնպես համարվում են դիպվածային նորաբանություն և ակտիվորեն գործածվում են առօրյա-խոսակցականում
  • Զմայլիկը գրական լեզվում լիովին փոխարինում է smiley-emoji-սմայլիկ օտարաբանությանը:

Դիպվածային բառերը շարունակ ստեղծվում են, համ ու հոտ տալիս խոսքին, ուստի պետք չէ խուսափել նոր բառեր ստեղծելուց կամ գործածելուց, լինեն դրանք դիպվածային բառեր, թե մտածված նորակազմություններ:

Picture of Մարիամ Մուրադյան

Մարիամ Մուրադյան

Ողջո՜ւյն: Ուրախ եմ տեսնել ձեզ իմ կայքում: Ես Մարիամն եմ՝ կոնտենտի վարպետ :) Առաջին երկու մասնագիտություններս են լեզվաբանությունն ու լրագրությունը: Աշխատել եմ խմբագրություններում ու հրատարակչություններում, ուսումնական հաստատություններում: 2014 թվականից սկսեցի կոնտենտ գրել նաև կայքերի համար, աստիճանաբար հմտացա քոփիրայթինգում ու թվային մարքեթինգում: Այժմ զբաղվում եմ թվային մարքեթինգի խորհրդատվությամբ ու մասնավորապես կայքերի օպտիմալացմամբ, բայց չեմ դադարում սիրել գրելը :) Գրում եմ կայքերի ու սոցցանցերի համար, մշակում եմ ուղեցույցներ, կարգեր, տեխիկական առաջադրանքներ, ուսումնական ծրագրեր...