Յուրաքանչյուր հոդված, նախատեսված լինի տպագիր մամուլի, թե կայքի համար, հիմնական ասելիքից բացի պետք է ունենա 3 պարտադիր բաղադրիչներ, որոնցից էլ մեծ մասամբ կախված է նյութի հաջողությունը:
Վերնագիր, մուտք և ավարտ. ահա այդ բաղադրիչները, որոնցից յուրաքանչյուրն իր դերն ունի այն հարցում, թե ինչպես կընկալվի, կներգործի և կհիշվի հոդվածը:
Վերնագիր
Հոդվածի հաջողությունն առաջին հերթին կախված է վերնագրից: Կընթերցե՞ն հոդվածը, թե՞ կթերթեն ու կանցնեն՝ վերնագրի շնորհքն է:
Նկարագրական, ընդհանրական վերնագրերը, որոնք ոչինչ չեն հուշում հոդվածի բովանդակության մասին, ամենից հաճախ են անուշադրության արժանանում: Միևնույն ժամանակ, արդեն անհետաքրքիր ու վանող են դարձել հրահրող, ինտրիգային, հարցականներով վերնագրերը, որոնք անխնա չարաշահվում են հատկապես կեղծ ու թերի լուրեր հրապարակող լրատվականների կողմից:
Հարցականով ձևակերպված վերնագրերը իրոք հետաքրքիր և արժեքավոր կարող են լինել այն դեպքերում, երբ հիմնավորված են՝ հոդվածում ներկայացված են կանխատեսումներ, կասկածելի տեղեկություններ: Մինչդեռ շատ հոդվածներում հարցականով վերնագրի դերում են հայտնվում նյութում ներկայացվող հաստատական տեղեկությունները, ինչը հակասում է նյութի և վերնագրի օրգանական կապին:
Ինտրիգային վերնագրերը կարող են արդարացված լինել այն դեպքերում, երբ բովանդակության մեջ խոսվում է ինտրիգի առարկայի մասին, տրվում են հավաստի տեղեկություններ: Այսպիսի վերնագրերը նույնպես չարաշահվում են «սունկ» կայքերի կողմից (կայքեր, որոնք կեղծ լուրերով դիտումներ են հավաքում, գոյատևում դիտումներից ստացված եկամտով, և ունեն շատ կարճ կյանք) և արժեզրկվում ընթերցողների աչքում:
Երկար վերնագրերը, որոնք ասես հոդվածի նկարագրությունը կամ հոդվածի վերաբերյալ մեկնաբանություն լինեն, նույնպես կարող են վանել ընթերցողին. նախընտրելի են կարճ, իմաստալից, դիպուկ վերնագրերը:
Մուտք
Մուտքը հոդվածի սկիզբն է, որն էական նշանակություն ունի ամբողջ տեքստը տպավորիչ ներկայացնելու տեսանկյունից: Հենց սկզբից ընթերցողի ուշադրությունը գրավելու շնորհը կախված է գրողի հնարամտությունից և գրելաձևից: Մուտքը պետք է ներկայացնի, թե ինչի մասին է խոսվելու հոդվածում, նախապատրաստի ընթերցանությանը: Այն պետք է լինի հրահրող, պարզ, ոչ երկարաշունչ, անմիջական, պարունակի խոստում հետաքրքիր բովանդակության վերաբերյալ: Թե՛ վերնագիրն ու թե՛ մուտքը շարադրելիս պետք է հաշվի առնել, որ ընթերցողների մեծամասնությունը թռուցիկ հայացք են սահեցնում նյութերի վերնագրերի և դրանց առաջին պարբերությունների վրայով: Եթե մուտքը ստիպում է, որ ընթերցողի հայացքը կանգ առնի և սկսի կարդալ, ապա կարելի է ասել, որ հոդվածը գրեթե հասել է հաջողության:
Մուտքը, ինչքան էլ հետաքրքիր ու խոստումնալից լինի, չպետք է պարունակի ամբողջ նյութը, այլ միայն՝ այն խթանը, որը կստիպի ընթերցողին շարունակել ընթերցանությունը:
Մուտքի մեջ տեղ չունեն երկրորդական նշանակության տվյալներն ու փաստերը, ավելորդ մանրամասները: Այդ բոլոր ինֆորմացիան կարող է շարադրվել հոդվածի տարբեր մասերում, բայց ոչ մուտքում:
Ավարտ
Ավարտը հոդվածի վերջակետն է, որը պետք է տպավորիչ լինի, օգնի ընթերցողին նյութը պահել հիշողության մեջ: Այն ամբողջ նյութի օրգանական շարունակությունն է, և պետք է ասես ամփոփի այն ամենն, ինչ ասվել է հոդվածում, հանդես գա որպես ամփոփում, եզրակացություն: Առանց ավարտի, առանց եզրակացության և ամփոփման հոդվածներն ընթերցողի մոտ թողնում են կիսատ և թերի տպավորություն, ասես ասելիքն ամբողջությամբ չի ասվել: Մինչդեռ նյութի բնույթով հիմնավորված և արդեն տրված տեղեկությունը ամփոփող հոդվածներն օգնում են, որ նյութն ամրապնդվի ընթերցողի հիշողության մեջ:
Ամփոփելով՝ ասենք, որ հոդվածի այս կարևոր բաղկացուցիչները կարելի է նույնականացնել բանավոր ելույթի բաղադրիչների հետ, երբ անհրաժեշտ է՝
- Ասել ինչի մասին ես խոսելու
- Խոսել
- Ամփոփել, թե ինչի մասին խոսեցիր:
Տիրապետելով խոսքի կառուցվածքային բաղադրիչներին ներկայացվող պահանջներին՝ հնարավոր է կառուցել թե՛ գրավոր և թե՛ բանավոր այնպիսի խոսք, որը հաջողություն կգտնի ընթերցողների և ունկնդիրների շրջանում: