Փետրվարի 21-ը մայրենի լեզվի օրն է: Եվ դա նշանակում է, որ այդ օրը տարբեր հաստատություններում ու կրթօջախներում կլինեն միջոցառումներ, շնորհավորանքներ, կխոսեն մայրենի լեզվի կարևորության մասին և… շատերը կմոռանան այդ ամենը արդեն հաջորդ օրը, լավագույն դեպքում՝ մի քանի օրից: Մայրենի լեզուն սիրելն ու հարգելը, սակայն, մեկ օրվա համար չէ, դա պետք է լինի ամեն օր, և ավելին՝ դա պետք է վարակիչ լինի: Խոսքն այն մասին չէ, որ միշտ, ամենուր, կենցաղում թե աշխատանքի վայրում, պետք է բացառապես գրքային բառապաշարով ու գրական լեզվով խոսել. դա կլինի արհեստական ու ոչ տեղին: Սակայն կան մի քանի հնարքներ, որոնց միջոցով հատկապես տեքստերի մասնագետները կարող են սիրելի դարձնել մեր լեզուն ու մեր լեզվի բառերը՝ սեր ներշնչելով նաև մյուսներին:
Հնարք 1: Մի՛ ամաչեք և մի՛ խուսափեք հայերեն բառեր գործածելուց: Խոսքը նոր երևույթների մասին չէ, երբ հայերեն համարժեքը դեռ չկա (օրինակ՝ սելֆի). նման դեպքերում օտար բառի գործածությունը կարող է արդարացված լինել՝ որպես փոխառություն, իսկ ա՛յ, այնպիսի դեպքերում, երբ համարժեքը կա, այն էլ՝ մի քանիսը, օտար բառի գործածությունը ուղղակի ցուցամոլության դրսևորում է: Օրինակ եմ ուզում բերել թրենդ բառը. պատվիրատուներից մեկն ինձ հորդորեց թրենդ բառը չթարգմանել միտում ու թողնել թրենդ, քանի որ վերջինս ավելի հասկանալի ու հարազատ է լսարանին: Ինչ խոսք, բովանդակություն ստեղծելիս այն պետք է ստեղծել լսարանին հասկանալի լեզվով, սակայն դա չի նշանակում, որ պետք է անտեսենք հայերեն բառերն ու գործածենք օտարները: Այստեղ խնդիրն այն չէ, որ օտար բառն ավելի գեղեցիկ ու հասկանալի է, քան մերը. խնդիրն այն է, որ կարդացողների կամ լսողների համար միտում, ուղղվածություն տարբերակը խորթ է հնչում, և դա միայն մեկ պատճառով. նրանց ականջներն ու աչքերը սովոր չեն հայկական բառին, քանի որ հազվադեպ են լսել/կարդացել կամ երբևէ չեն հանդիպել այդ բառին: Ես վստահ եմ, որ հայերեն բառերի տեղին գործածությունից չխուսափելու դեպքում դրանք անհասկանալի կլինեն 1,2,3 անգամ, բայց որոշ ժամանակ հետո հասկանալի ու գործածական կդառնան, և օտար բառի կարիքը չի լինի:
Հնարք 2: Օգտագործե՛ք հոմանիշներ. մեր լեզուն հարուստ է հոմանիշներով: Հաճախ է պատահում, որ բազմաթիվ հոմանիշներ ունեցող բառերից միայն մեկ կամ երկու տարբերակն է օգտագործվում ու սովորական դառնում գործածության համար, իսկ մյուս տարբերակները, որոնք կարող են հիանալիորեն արտահայտել տարբեր նրբիմաստներ, դրսևորվել տարբեր իրավիճակներին համապատասխան և ավելի դիպուկ դարձնել խոսքը, մնում են անտեսված ու ժամանակներ անց՝ նաև դառնում անհասկանալի: Դարձյալ իրական օրինակ բերեմ իմ աշխատանքային առօրյայից. պատվիրատուներից մեկը գրեթե սարսափեց՝ կարդալով Մի՛ վարանեք դիմել մեզ… արտահայտությունը, քանի որ վարանել բառն իր համար անհասկանալի էր, և չցանկացավ, որ իր հաճախորդները կարդան դա 🙂 Պատճառը նորից նույնն է՝ բառերը չենք լսում, չենք կարդում, և դրանք դառնում են խորթ ու անհասկանալի:
Հնարք 3: Մի՛ վախեցեք օտար բառերը թարգմանելուց: Բոլոր օտար բառերն անխտիր թարգմանելը կարող է ծայրահեղության հասցնել և երբեմն տեղին էլ չէ, քանի որ շատ երևույթներ կա՛մ հնարավոր չի լինում թարգմանել անմիջապես, կա՛մ էլ հաջող տարբերակ գտնելու համար բավական ժամանակ է պետք լինում: Բայց դա չի նշանակում, որ պետք չէ փորձել: Այսօր սովորական համարվող շատ հայերեն բառեր ժամանակին էլի խորթ են թվացել, սակայն շարունակական գործածության արդյունքում դարձել են սովորական ու գեղեցիկ (հեծանիվ, վերարկու, համակարգիչ և շատ ու շատ նման բառեր, որոնք սկզբում եղել են նորաբանություն՝ ինչ-որ տեղ խորթ ու անսովոր, բայց հետո մուտք են գործել ակտիվ բառապաշար ու ամրապնդել իրենց դիրքերն այնտեղ): Թարգմանչական աշխատանքներ կատարելիս ես էլ առիթ եմ ունեղել շատ բառեր թարգմանելու, երբ մի լավ փնտրելուց հետո համոզվել եմ, որ դրա թարգմանությունը դեռ չկա: Ժամանակներ անց տարբեր տեղեր հանդիպել եմ նույն կերպ թարգմանված բառն ու ուրախացել, որ ուրիշներն էլ նույն միտքն են ունեցել, նշանակում է՝ չեմ սխալվել:
Հնարք 4: Ստեղծագործ եղեք և մի՛ խուսափեք նոր բառեր ստեղծելուց: Նոր բառեր ստեղծելը որևէ մեկի մենաշնորհը չէ: Տեքստերի հետ աշխատել սիրող ամեն մեկը կարող է փաստել, թե որքա՜ն անգամներ կարիք է ունեցել նոր բառի. բառ, որը դեռ չկա լեզվում, բառ, որը կարտահայտի երևույթը, գործողությունը ավելի դիպուկ, ավելի մոտ այն իմաստին, որն ուզում է արտահայտել: Եվ սա լեզվի կենսագործունեության օրինաչափ երևույթ է. այսպես են ծնվում բառերն ու մուտք գործում բառապաշար: Եվ ինչո՞ւ նոր բառերը վերցնենք այլ տեղից, եթե կարող ենք ստեղծել նորը՝ մերը, մեր լեզվամտածողությանը հարազատը:
Ամփոփենք Այս չորս հնարքները ես կիրառում եմ իմ գործունեության ընթացքում՝ փորձելով չտրվել օտարամոլության հոսքին, այլ հակառակը՝ գտնել ու օգտագործել այն բառերը, որոնք կան մեր լեզվում, բայց անուշադրության են մատնված, և որոնք կարելի է գործածել իրենց արժանի տեղում: Հուսով եմ՝ այս հնարքները օգտակար կլինեն նրանց համար, ովքեր ինչ-ինչ հանգամանքների հետ կապված հաճախ են տրվում այդ հոսանքին կամ համարձակություն չունեն ընդդիմանալու: Վստահ եմ, որ մեր լեզվի բառերի ճիշտ ու տեղին գործածության արդյունքում դրանք կդառնան հասկանալի, իսկ լեզուն՝ ավելի սիրելի 🙂 Եվ որպես վերջաբան ներկայացնեմ մի փոքրիկ ցանկ, որտեղ այսօրվա տարածված օտար բառերն են՝ իրենց հայերեն նոր կամ ոչ այնքան նոր համարժեքներով: Իսկ թե համարժեքներից ո՛րը կամրապնդվի մեր լեզվում, իսկ ո՛րը կանտեսվի կամ կփոխարինվի այլ համարժեքով՝ ժամանակը ցույց կտա:
- բրենդ – ապրանքանիշ
- թրեյնինգ – ուսուցում, վերապատրաստում, դասընթաց
- թրենդ – ուղղվածություն, միտում, նորաձևություն
- ինֆլյուենսեր – կարծիք ձևավորող
- լոքեյշն – գտնվելու վայր, տեղակայում
- կոնտենտ – բովանդակություն
- կոնֆերանս – համաժողով
- օնլայն – առցանց
- մենեջեր, մենեջմենթ – կառավարիչ, կառավարում
- նեթվորքինգ – կապերի հաստատում
- նոթիֆիքեյշն – ծանուցում
- չաթ – զրույց, զրուցարան
- պրոեկտ – նախագիծ
- սթարթափ – նորարար ձեռնարկություն
- սթրիմինգ – հեռարձակում
- սիգնալ – ազդակ, ազդանշան
- սմարթֆոն – խելախոս
- վեբինար – առցանց սեմինար, հեռադաս
- տենդենց – միտում
- փոդքաստ – ձայնագիր
- քոմյունիթի – համայնք
- ֆակտոր – գործոն
Ցանկը համալրելի է, իսկ ցանկի հավաքագրման գործում ինձ օգնեցին նաև իմ մանկավարժ և լեզվաբան ընկերները:
Որպես նմանատիպ թեմաներ կարող եք կարդալ նաև՝