Տեքստի տեսակներն ըստ բովանդակության և նպատակի

Գրավոր խոսքը ունի տարածական և ժամանակային հաղորդակցության նպատակ: Մենք ուզում ենք, որ մեր գործերի, մեր մտորումների, մեր նվաճումների մասին իմանան ոչ միայն մեր կողքին ապրող մարդիկ, այլև մեզանից հեռու ապրողները: Նաև ուզում ենք իմանալ նրանց գործերի մասին: Փոխադարձաբար մեզ պետք է միմյանց փորձը:

Մեր փորձը, մեր միտքն ու մտորումը նաև պետք է փոխանցենք մեզանից հետո եկողներին, գալիք սերունդին, ինչպես որ մենք ենք այսօր նայում հետ՝ մեր նախորդների փորձին: Ահա թե ինչու է մարդը ստեղծել գրավոր խոսքը:

Գրառվում է մարդկային ամբողջ գործունեությունը՝ անձնական, հասարակական, աշխատանքային, վարչական, քաղաքական և այլ հարաբերությունները; Ծնունդից մինչև մահ: Ծնվողի համար գրվում են առաջին տեքստերը՝ գրառում ծննդյան մատյանում, ծննդյան մասին տեղեկանքը, ծննդյան վկայականը: Տարիներ հետո նրա մասին գրվում  վերջին՝ մահվան տեղեկանքը: Իսկ ամբողջ կյանքում նրա մասին պիտի գրեն, կամ ինքը պիտի գրի իր կամ ուրիշների մասին: Ինքնակենսագրություն, դիմում, բնութագիր, անձնագրություն, ճառ, բանաստեղծություն, նամակ և այլն, և այլն: Բովանդակությամբ այնքան բազմազան, կյանքի բոլոր բնագավառները ընդգրկող բազմաթիվ տեքստեր, որ կարգավորում են մեր գործունեությունը, նպաստում մեր առաջընթացին:

Ըստ բովանդակության և նպատակի՝ գրավոր տեքստերը կարելի է խմբավորել՝

  1. ուսումնական-մանկավարժական,
  2. տեղեկատվական,
  3. աշխատանքային կամ պաշտոնական,
  4. քաղաքացիական գործառույթների
  5. ստեղծագործական

Ստեղծագործական տեքստերն իրենց հերթին դասակարգվում են հետևյալ խմբերում՝

ա) գեղարվեստական

բ )  հրապարակախոսական

գ ) գիտական:

Այս խմբավորումներից յուրաքանչյուրն ունի արտահայտման մի շարք տեսակներ (ժանրաձևեր), որոնք միավորվում են համապատասխան բնագավառի ընդհանրությամբ (ասենք՝ ստեղծագործականի ժանրաձևերից՝ նամակը, լուրը, հայտարարությունը և այլն):

Մի խմբավորման որոշ ժանրաձևեր երբեմն կարող են բովանդակային ու ձևային որոշ փոփոխություններով կիրառվել նաև որպես մյուսի ժանրաձև (ասենք՝ նամակի ժանրաձևը կարող է օգտագործվել և՛ պաշտոնական, և՛ գեղարվեստական, և՛ հրապարակախոսական ժանրաձև):

Այս հիմնական խմբերից բացի՝ լինում են նաև այսպես կոչված միջանկյալ տեսակներ (ասենք՝ գիտաուսումնական, գիտահանրամատչելի, գիտատեղեկատվական և այլն):

 

Նյութի աղբյուրը՝ Վ. Գաբրիելյան, Գրավոր խոսք

Կիսվել՝

Այլ հոդվածներ

Ուղարկել հաղորդագրություն