Մարդկային մտքի որևէ հղացում մյուսներին հաղորդելու ցանկությունը գրավոր եղանակով իրագործվում է համապատասխան տեքստի ձեռագիր, մեքենագիր, տպագիր, էլեկտրոնային (ինտերնետ, ֆաքս, հեռագիր) եղանակով:
Հաղորդակցվելու ռադիոհեռուստատեսային բանավոր եղանակը նույնպես այսօր մեծ տարածում ունի (մեկնաբանների բանավոր ելույթներ, հարցազրույցներ, ռեպորտաժներ, հանդիպումներ, հանրահավաքների ձայնագրություն և այլն), սակայն, ինչպես հայտնի է, ռադիոհեռուստատեսային շատ հաղորդումներ նախապես ունենում են գրավոր տեքստեր, որոնք ընթերցում են հաղորդավարները կամ ելույթ ունեցողները՝ հանդիսատեսին նկատելի ու նաև աննկատ ձևերով: Հեռուստատեսության որոշ ալիքներ ունեն «տելետեքստեր», ուր զետեղվում են ամենատարբեր տքեստեր, որոնք հեռուստադիտողը կարող է կարդալ ցանկացած ժամանակ:
Որևէ տեքստ գրավոր տեքստ է ստանում նախ որպես ձեռագիր (իհարկե, կան մարդիկ, որոնք իրենց մտածումը միանգամից մեքենագրում են կամ միանգամից մուտքգրում համակարգչում):
Ձեռագիր նշանակում է ձեռքով գրված: Ձեռագիր արտահայտությունը դարերի ընթացում զանազան իմաստավորումներ և տեսք է ստացել: Ինչ-որ բանի վրա (ժայռ, քար, պնակիտ, մագաղաթ, թուղթ) ինչ որ բանով (սեպ, փորագրիչ, հերյուն, փետրագրիչ, գրիչ) գրված որևէ տեքստ. սա է «ձեռագիր» նախնական իմաստը: Այն կարող է գրվել անձամբ հեղինակի ձեռքով (հետագայում այն անվանվել է հեղինակային ձեռագիր), կարող էր նաև թելադրվել, որ մեկ ուրիշը այն քանդակի, փորագրի կամ գրի: Ժամանակի ընթացքում ձեռագրչությունը դառնում է արվեստի մի յուրօրինակ տեսակ, և իրենց ձեռագիր մատյանները ստեղծող գրողների, պատմիչների, իմաստունների կողքին հայտնվում են գրիչները որոնք իրենց նախաձեռնությամբ կամ պալատական, իշխանական ու եկեղեցական այրերի թելադրանքով և հովանավորությամբ արտագրում, բազմացնում էին ինչպես նախորդ, այնես էլ ժամանակի հեղինակների ինքնությունն ու թարգմանական ստեղծագործությունները: Նրանց գործը, ըստ էության, նախորդել է հետագայում տպագրության եղանակով գրքերի բազմացմանը: Եվ լավագույն գրքերի գրչագիր օրինակները ցրել են երկրի տարբեր ծայրեր: Դրանք տեղ են գտել գրադարաններում, եկեղեցիներում, նախարարական տներում: Բազմացման շնորհիվ է , որ ինչքն էլ օտար նվաճողները ավար են տարել մեր գրքեը կամ այրել, այնուամնեայնիվ առանձին օրինակներ (ավելի ուշ դարերից) մեզ են հասել:
Ձեռագիր արտահայտությունը այսօր նոր իմաստներ է հավելել նախնականին: Պահպանելով առաջին՝ անձամբ հեղինակի ձեռքով գրված լինելու իմաստը՝ այն այսօր ընկալվում է իբրև այնպիսի տեքստ, որ հեղինակը, խմբագրված ու ստորագրված, իբրև վերջնական տարբերակ հանձնում է հրատարագրված, իբրև վերջնական տարբերակ հանձնում է հրատարակության՝ մամուլում կամ առանձին գրքով լույս ընծայելու, հանրությանը բազմացված ներկայացնելու համար:
Ձեռագիրը այսօր հեղինակի կողմից կարող է գրվել թղթի վրա՝ գրիչով, կարող է միանգամից մեքենագրվել կամ հավաքվել համակարգչով և ներկայացվել հրատարակության թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:
Որևէ հեղինակի երկերի հետագա վերահրատարակությունների ժամանակ, երբ հեղինակը այլևս կենդանի չէ, կարևոր է ձեռքի տակ ունենալ դրանց բնագրի՝ հեղինակի ձեռքով խմբագրված վերջին տարբերակը, որպեսզի դրանով ուղղվեն- ճշգրտվեն – վերագնահատվեն միտումով կամ թյուրիմացությամբ կատարված կրճատումները, փոփոխություններն ու տպագրական վրիպումները; Ահա թե ինչու կարևոր փաստաթղթերը, անցյալի մեծ գրողնեի ձեռագրերը հոգատարությամբ պահպանվում են նրանց տուն-թանգարաններում ու պետական արխիվներում:
Տպագիր տեքստը պարբերական մամուլում և գրքերով հրատարակվածն է: Տպագրական տարբեր եղանակներով՝ պատճենահանող, բազմացնող մեքենաներով (քսերոքս, ռոտոպրինտ և այլ) երբեմն նեղ շրջանակի համար բազմացվում են մեքենագրված կամ համակարգչով հավաքված առանձին տեքստեր (օր.՝ ատենախոսություն, սեղմագիր, գիտաժողովների զեկուցումներ կամ դրանց թեզիսներ և այլն):
Որևէ կարգի տեքստ՝ հաղորդագրություն, գիտական կամ գեղարվեստական ստեղծագործություն, մամուլով կամ գրքերով զանգվածային ընթերցողին հասնելուց բացի՝ մի այլ եղանակ էլ կա. դրանք տեղադրվում են համացնցում (ինտերնետ) և կարող են ընթերցվել բոլորի կողմից, ովքեր օգտվում են համացանցային ծառայությունից: Ինտերնետի միջոցով կարող են տեղեկատվություն ստանալ աշխարհի բոլոր կողմերից: Տպագիր գրքի առավելությունն այն է, որ կարող ես ունենալ քո կողքին, ցանկացած պահին ընթերցել, դարեդար փոխանցել սերունդներին, և գրքերի տպաքանակի մի մասը եթե փչանա, մնացած մասը կարող է պահպանվել երկար տարիներ:
Նյութի աղբյուրը՝ Վ. Գաբրիելյան «Գրավոր խոսք»