5 խորհուրդ այն մասին, թե ինչ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ ռեզյումե կազմելիս

Այսօր շատ կայքեր և հավելվածներ թույլ են տալիս ստեղծել ռեզյումե օնլայն, և թվում է, թե ռեզյումե կազմելու հետ կապված այլևս ոչ մի խնդիր չկա. ձևավորումն ու կառուցվածքը պատրաստ է, մնում է միայն լրացնել համապատասխան տվյալները: Ու թեև բավական հեշտ է անվճար ստեղծել ռեզյումե առցանց, այնուամենայնիվ, կարևոր է ուշադրություն դարձնել որոշ հանգամանքների, որոնց անտեսումը կստիպի գործատուին շրջանցել ձեր ռեզյումեն: Եւ այսպես, ներկայացնենք հինգ խորհուրդ այն մասին, թե ինչպես կարելի է կազմել գրագետ ռեզյումե և խուսափել տարածված սխալներից:

1.   Թերի կոնտակտային տվյալներ կամ դրանց բացակայություն

Սա գուցե ռեզյումեի ամենակարևոր կետերից մեկն է: Պատկերացրեք, գործատուն հավանություն է տվել ձեր թեկնածությանն ու փորձում է հրավիրել հարցազրույցի, սակայն պարզվում է, որ հեռախոսահամարն անհասանելի է: Էլեկտրոնային փոստով կապվելու տարբերակ չկա, քանի որ չեք նշել: Եվ դուք կորցնում եք պոտենցիալ աշխատանքը:

Նման իրավիճակում չհայտնվելու համար նշե՛ք առնվազն երկու հեռախոսահամար, որով կարող են կապվել ձեզ հետ, քանի որ հնարավոր է՝ ինչ-որ պահի դրանցից մեկնումեկը տեխնիկական պատճառներով հասանելի չլինի: Համոզվե՛ք, որ հեռախոսահամարները ճիշտ եք նշել:

Եթե որպես երկրորդ հեռախոսահամար նշում եք ընկերոջ, կնոջ, ամուսնու կամ ծնողների հեռախոսահամարները, անպայման զգուշացրե՛ք նրանց, որ հնարավոր է զանգ ստանան, այլապես գործատուից զանգ ստանալով՝ հնարավոր է շփոթվեն և շփոթության մատնեն նաև գործատուին՝ ձախողելով աշխատանք ստանալու ձեր հնարավորությունը:

Եթե չունեք էլեկտրոնային փոստ, անպայման ստեղծեք և ներառեք ձեր ռեզյումեի մեջ: Որոշ գործատուներ նախընտրում են կապը պահել էլեկտրոնային փոստի միջոցով: Հիշե՛ք, որ էլեկտրոնային փոստի հասցեն նույնպես պետք է ներկայանալի լինի. anu.lik78.00@yandex.ru, janhoparjanjan@rambler.ru և նմանատիպ հասցեներն անլուրջ տպավորություն են թողնում:

2.  Անհամապատասխան լուսանկար

Լուսանկարն ամենևին էլ ռեզյումեի ամենակարևոր բաղադրիչը չէ, և կարող եք ռեզյումեն պատրաստել առանց լուսանկարի: Սակայն քանի որ ժամանակակից ձևանմուշների դիզայնում նախատեսվում է նաև լուսանկար, խոսենք դրա մասին:

Լուսանկարը գործատուին օգնում է պատկերացում կազմել թեկնածուի մասին, հասկանալ, թե ում հետ է գործ ունենալու, հետևաբար և՝ նպաստում հարցազրույցի կանչելու հավանականությանը: Սա, իհարկե, այն դեպքում, երբ ռեզյումեում տեղադրված է ճիշտ լուսանկար: Ոչ տեղին լուսանկարներն, ընդհակառակը, նվազեցնում են հարցազրույցի հրավիրվելու հավանականությունը:

Ռեզյումեի մեջ պետք չէ տեղադրել լուսանկար, որտեղ դուք երեկոյան սանրվածքով և դիմահարդարմամբ եք:

Պետք չէ կտրել ընկերական հավաքույթի խմբակային նկարներից հատվածներ, որտեղ ձեր դեմքը կիսով չափ է երևում, կամ երևում են ընկերների ուսերը, մազերը և այլն:

Տեղադրե՛ք պարզ լուսանկար, որում դուք կոկիկ տեսք ունեք, հագնված եք առօրյա աշխատանքային հագուստ՝ ոչ շքեղ, և ոչ էլ սպորտային կամ առտնին:

3.  Առանց թեմայի և ուղեկցող նամակի, անանուն ռեզյումե

Էլեկտրոնային փոստով ուղարկված ռեզյումեներն անլուրջ տպավորություն են թողնում, երբ բաց է թողնվում թեմայի դաշտը: Թեմայի դաշտը բաց թողնելու դեպքում առաջին հերթին դուք դուրս եք մնում գործատուի տեսադաշտից, երբ նա թեմայի դաշտում որոնում է հաստիքի անունով, որպեսզի տեսնի համապատասխան թեկնածուներին և կապվի նրանց հետ:

Միևնույն տպավորությունն է, երբ նամակի մեջ չկան ուղարկողի տվյալները, իսկ ռեզյումեի ֆայլն էլ կրում է, օրինակ, CV(3).pdf, resume(1).doc և նմանատիպ անվանում: Այս երևույթը խոսում է այն մասին, որ ուղարկողը թափթփված է և անկազմակերպ: Սա կարծես հուշում է գործատուին, որ ուղարկողը լուրջ չի մոտենում իր իսկ դիմումին և ռեզյումեն ուղարկել է հենց այնպես: Բնականաբար, համապատասխան ռեակցիա է առաջանում նաև գործատուի մոտ, և նա կարող է պարզապես անտեսել ձեր դիմումը:

Ռեզյումեն ուղարկելիս անպայման թեմայի դաշտում նշե՛ք այն հաստիքը, որի համար դիմում եք: Նամակի դաշտում կարող եք մեկ-երկու նախադասությամբ ներկայանալ և նշել, թե ինչու եք դիմում տվյալ աշխատանքի համար:

Ռեզյումեի ֆայլը նույնպես անվանափոխեք, ավելացրեք ձեր անունը, օրինակ՝ CV_MariamMuradyan.pdf, Resume_KarenKarapetyan.doc: Այս ամենը հուշում են, որ դուք լուրջ եք վերաբերվում ձեր դիմումին և գործատուին էլ տրամադրում են հարգանքով վերաբերվելու ձեր հայտին:

4.  Հաստիքին չհամապատասխանող ռեզյումե

Մի՛ ուղարկեք ռեզյումե այն հաստիքի համար, որին չեք համապատասխանում: Եթե որոշել եք կազմել cv, համոզվեք, որ այն ուղարկելու եք ձեր փորձին ու հմտություններին համապատասխանող հաստիքի համար:

Նախքան ռեզյումեն ուղարկելն ուսումնասիրե՛ք պահանջվող հաստիքը, համոզվե՛ք, որ պատկերացնում եք տվյալ աշխատանքը, ծանոթ եք աշխատանքային պարտականություններին և համապատասխանում եք գործատուի ներկայացրած պահանջներին:

Փորձե՛ք ճիշտ գնահատել իրավիճակը, հիշե՛ք, որ գործատուներին կարող է նյարդայնացնել աննպատակ ու անհամապատասխան ռեզյումեն:

5.  Սխալ, չափազանցված տվյալներ

Տպավորություն թողնելու համար շատ դիմորդներ հաճախ ստեղծում են ճոխ ռեզյումե՝ ներկայացնելով չափազանցված տվյալներ: Հիշե՛ք, որ այն ամենը, ինչը ներկայացնում եք ռեզյումեի մեջ, մի օր պետք է ցույց տաք գործնականում:

Հարցազրույցի ժամանակ կամ հենց աշխատանքի ընդունվելուն պես ամոթով չմնալու համար եղեք ազնիվ ու ադեկվատ գնահատեք սեփական փորձն ու հմտությունները:

Նշե՛ք այն գիտելիքներն ու հմտությունները, որոնց իսկապես տիրապետում եք, այլ ոչ թե լսել եք ականջի ծայրով:

Փորձե՛ք կենտրոնանալ և առավել մանրամասն ներկայացնել այն փորձը և հմտությունները, որոնք առավել համապատասխանում են հաստիքին, որի համար դիմում եք:

Հուսով ենք, որ նշված խորհուրդները կօգնեն գտնել ձեր երազանքի աշխատանքը: Միշտ լավատես եղեք և ձգտեք կատարելության:

Կիսվել՝

Այլ հոդվածներ

Ուղարկել հաղորդագրություն

Մարիամ Մուրադյան

Մարիամ Մուրադյան

Ողջո՜ւյն: Ուրախ եմ տեսնել ձեզ իմ կայքում: Ես Մարիամն եմ՝ կոնտենտի վարպետ :) Առաջին երկու մասնագիտություններս են լեզվաբանությունն ու լրագրությունը: Աշխատել եմ խմբագրություններում ու հրատարակչություններում, ուսումնական հաստատություններում: 2014 թվականից սկսեցի կոնտենտ գրել նաև կայքերի համար, աստիճանաբար հմտացա քոփիրայթինգում ու թվային մարքեթինգում: Այժմ զբաղվում եմ թվային մարքեթինգի խորհրդատվությամբ ու մասնավորապես կայքերի օպտիմալացմամբ, բայց չեմ դադարում սիրել գրելը :) Գրում եմ կայքերի ու սոցցանցերի համար, մշակում եմ ուղեցույցներ, կարգեր, տեխիկական առաջադրանքներ, ուսումնական ծրագրեր...