Սրբագրիչն այն մարդն է, առանց որի արևի երես չի տեսնում հրապարակման ենթակա ոչ մի գրավոր տեքստ: Սրբագրիչի դերն անփոխարինելի է հատկապես տպագիր մամուլում, հրատարակչական արտադրանքում, քանի որ տպագրությունից հետո արդեն հնարավոր չէ ուղղել վրիպակներն (ի տարբերություն թվային հարթակներում հրապարակվող տեքստերի): Իսկ տպագիր արտադրանքը սովորաբար թողարկվում է հարյուրավոր ու հազարավոր օրինակներով…
Եվ այսպես, ի՞նչ է անում սրբագրիչը
Սրբագրիչը վերստուգում՝ սրբագրում է արդեն իսկ մշակված, խմբագրված տեքստը՝ պատրաստելով այն հրապարակման: Սրբագրիչի աշխատանքը ներառում է հետևյալը՝
- վրիպակների հայտնաբերում և ուղղում.
- ուղղագրական սխալների հայտնաբերում և ուղղում.
- կետադրական սխալների հայտնաբերում և ուղղում:
Շատ հաճախ սրբագրիչի գործը կարող է համատեղել նաև որոշակի խմբագրական աշխատանքներ՝ ակնհայտ լեզվական անհարթությունների, շարահյուսական ու ոճական սխալների ուղղում: Այս դեպքում արդեն գործ ունենք խմբագրող-սրբագրիչի հետ, որը նաև ստանձնում է լեզվական խմբագրի գործառույթը:
Արդյո՞ք սրբագրիչի դերը կարևոր է և պահանջված
Այո՛, համենայն դեպս այդպես էր մինչև վերջին տասնամյակը… Թվային հարթակների հասանելիությամբ պայմանավորված՝ այսօր համացանցում բազմաթիվ կայքեր հրապարակում են բովանդակություն (հոդվածներ, տեղեկություններ և այլն) առանց խմբագրի կամ սրբագրիչի միջամտության՝ հուսալով միայն լրագրողի կամ հոդվածագրի գրագիտությանը: Իհարկե, գրագետ ու բարեխիղճ հոդվածագիրները և լրագրողներն իրենց կատարած աշխատանքի որակն ապահովելու համար մասամբ ստանձնում են նաև սրբագրիչի ու խմբագրի դերը, բայց ի՞նչ անել այն դեպքում, երբ նյութերի հեղինակները չունեն այդ հմտությունները… Ինչևէ, ցանկացած իրեն հարգող լրատվամիջոց երբևէ չի անտեսում և գնահատում է սրբագրիչի ու խմբագրի դերը:
Սրբագրիչի դերը պահանջված է մնում հրատարակչություններում և տպագիր մամուլում, որտեղ ըստ աշխատանքի փուլերի նույնիսկ կարող են լինել խմբագրող-սրբագրիչ, վերստուգող սրբագրիչ և այլ հաստիքներ:
Սրբագրիչի աշխատանքը պահանջված է գիտական հրապարակումներում՝ ատենախոսություններ, թեզեր, գիտական ուսումնասիրություններ, որտեղ գիտական աշխատանքը մասնագիտական խմբագրումից հետո նաև պարտադիր պետք է սրբագրվի՝ անթերի ու գրագետ վերջնական տարբերակ ստանալու համար:
Ի՞նչ է պետք սրբագրիչ դառնալու համար
Նախ և առաջ՝ գրագիտություն: Անհրաժեշտ է գերազանց տիրապետել տվյալ լեզվի ուղղագրությանն ու քերականությանը:
Ուշադրություն մանրուքների նկատմամբ: Խիստ կարևոր է ուշադիր լինելը: Տեքստում տեղ գտած ցանկացած վրիպակ ի վերջո համարվում է սրբագրիչի թերի աշխատանքի արդյունք: Հարկավոր է տեքստը կարդալ ոչ թե աչքի անցկացնելով, այլև ուշադիր՝ ուշադրություն դարձնելով ամեն մի բառում տառերի դասավորությանը, հետո նաև նախադասություններով՝ կետադրական ու շարահյուսական սխալները նկատելու համար:
Թերևս այսքանը սրբագրիչ մասին: Հետևե՛ք մեզ, եթե ցանկանում եք տեղեկություններ իմանալ կոնտենտին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ: