Ինչպիսի՞ տեքստեր հրապարակել սոցցանցերում: Արդյո՞ք պետք է միշտ հրապարակել այնպիսի բովանդակություն, որը շատ հավանումներ ու մեկնաբանություններ կբերի: Իսկ գուցե պետք են միայն վաճառող տեքստե՞ր, չէ՞ որ մեր վերջնական նպատակը վաճառքն է: Գուցե իմաստ չունի՞ ժամանակ վատնել ինֆորմացիոն հրապարակումների վրա, որոնք շատ ակտիվ հավանումներ չեն հավաքում ու ոչ էլ վաճառում են: Այս հարցերին պատասխանելու համար նախ՝ ծանոթանանք սոցցանցերում հրապարակման արժանի տեքստային կոնտենտի հիմնական տեսակներին, որոնք կարելի է դասակարգել 3 մեծ խմբում՝ ինֆորմացիոն, ժամանցային և վաճառող բովանդակություն:
Ինֆորմացիոն կոնտենտ
Որպես ինֆորմացիոն կոնտենտ կարելի է հրապարակել նորություններ, հետաքրքիր տեղեկություններ, կրթող-ուսուցանող նյութեր, օգտակար խորհուրդներ: Ինֆորմացիոն բովանդակությունը տալիս է արժեք՝ կարծես թե անշահախնդիր կերպով, առանց փոխարենն ինչ-որ բան սպասելու, ընթերցողին չպարտադրելով գնել, վճարել կամ կատարել որևէ այլ գործողություն:
Պետք չէ ռեսուրսներ խնայելու նպատակով ժլատ լինել ինֆորմացիոն կոնտենտի հարցում: Կոնտենտի այս տեսակն է, որ օգնում է ձեռք բերել և պահպանել հենց ձե՛ր ապրանքով, ծառայությամբ կամ գործունեությամբ հետաքրքրվող հետևորդների: Տրամադրված արժեքավոր բովանդակությունն է, որ ստիպում է մարդկանց բաժանորդագրվել ձեր էջին, հետևել հրապարակումներին: Հիշեք՝ ո՛ր օրվանից դադարեք արժեքավոր և օգտակար բովանդակություն մատուցել, այդ օրվանից կնվազեն հավատարիմ և հենց ՁԵ՛Ր հետևորդները:
Ժամանցային կոնտենտ
Ժամանցային բովանդակությունը մտերմացնում է ձեզ ու ձեր լսարանին: Մի քիչ հումոր, հետաքրքիր թեստեր, հետևորդների «սրտից» դուրս եկող հարցումներ ու աֆորիզմներ, և հավանումների ու մեկնաբանությունների տարափն ապահովված է: Ավելին, ժամանցային բովանդակությունն օգնում է բնական ճանապարհով ձեռք բերել նորանոր հետևորդների. չէ՞ որ հավանումների և մեկնաբանությունների նման տարափը նպաստում է նաև գրառման տարածմանը, և որպես արդյունք՝ ձեր էջի մասին իմանում են ավելի ու ավելի մեծ թվով օգտատերեր:
Ի տարբերություն ինֆորմացիոն և արժեքավոր տեղեկություն պարունակող բովանդակության՝ ժամանցային տեքստերը գուցե ավելի քիչ պահպանվեն հետագայում ընթերցելու համար, գուցե անմիջականորեն չօգնեն վաճառելու ձեր ապրանքը կամ ծառայությունը, սակայն կստիպեն խոսել ձեր մասին 🙂
Վաճառող կոնտենտ
Ահա՛, վերջապես հասանք. բովանդակության հենց այս տեսակն է, որ օգնելու է վաճառել ապրանքը կամ ծառայությունը: Վաճառող տեքստերի նպատակն է ներկայացնել առաջարկն իր բոլոր առավելություններով, մարդկանց ցույց տալ, թե ի՛նչ խնդիր եք լուծում իրենց կյանքում ձեր այդ առաջարկով: Ուշադրություն գրավել, համոզել, պրոբլեմներ լուծել. սրանք են վաճառող տեքստերի առանձնահատկությունները: Բովանդակության այս տեսակի մշակմանը պետք է մոտենալ առավել ուշադրությամբ, կիրառել համապատասխան տեխնիկաներ, որոնց մասին կխոսենք այլ հրապարակումներում:
Եվ ուրեմն չարժե՞ արդյոք կենտրոնանալ վաճառող բովանդակության վրա: Ո՛չ և ո՛չ: Վաճառող բովանդակությունը չպետք է գերիշխող լինի: Եթե դուք հրապարակեք միայն ու միայն վաճառող բովանդակություն, կձանձրացնեք լսարանին և շատ արագ կկորցնեք հետևորդների մի մեծ բազմություն, որ հետևում էր ձեզ մատուցած արժեքավոր բովանդակության կամ պարզապես նրա համար, որ ձեզ հետ հաճելի էր (ժամանցային բովանդակության շնորհիվ):
Ուրեմն ի՞նչ հետևություն անենք
Բովանդակության բոլոր տեսակները կարևոր են, և բովանդակության յուրաքանչյուր տեսակը պարտադիր է էջի զարգացման որոշակի փուլում: Գոյություն ունի 4:1 ոսկե միջինի հարաբերակցություն, որտեղ 1 մաս պետք է կազմի վաճառող բովանդակությունը, իսկ մյուս 4 մասը բաժին ընկնի ժամանացային և օգտակար բովանդակությանը:
Այս առիթով արժե հիշատակել հայտնի գործարար և մի շարք բիզնես-գրքերի հեղինակ Հարի Վայներչուկի խոսքերը՝ տո՛ւր արժեք, հետո միայն խնդրիր բիզնեսիդ համար:
Give Value, Give Value, Give Value… then ask for business…