Մաշտոցյան այբուբենով արված հսկայածավալ մեր գրավոր խոսքը՝ ձեռագիր ու տպագիր մատյաններ ու գրքեր, թերթեր ու պարբերականներ, պետական – պաշտոնական գրագրություններ և այն ամենը, որ ստեղծում ենք մենք այսօր, գրավոր տեքստեր են՝ բազմաձև ու բազմաբովանդակ:
Ի՞նչ է տեքստը: Գրավոր խոսքի բոլոր տեսակները՝ նամակ թե ատենախոսություն, սովորական ժողովի արձանագրություն թե վեպ, աշակերտական շարադրություն թե պոեմ, այն ամենը, ինչ գրվում, շարադրվում է, գրավոր (ձեռագիր թե տպագիր) տեսք է ստանում, կոչվում է տեքստ:
Տեքստի տեսակները ըստ ձևի
Բոլոր տեքստերը, ունենալով ձևի և բովանդակության իրենց առանձնահատկությունները, ունեն շարադրանքի երկու հիմնական ձև՝ արձակ և չափածո:
Արձակը մարդկային սովորական խոսքի գրավոր ազատ շարադրանքն է, այն խոսքի, որով մարդիկ հաղորդակցվում են՝ պատմում, առաջարկում, կարգադրում, խնդրում, որոշում, նկարագրում, այնպես, ինչպես բանավոր խոսքում: Արձակ այսինքն՝ ազատ, նախադասություններն իրար հետևից, գրելու տողերի ամբողջ երկարությամբ (բացառությամբ լուսանցնքերի, որ թողնում են ավելի դյուրին ընթերցելու կամ լրացումների համար): Տարբեր տեքստեր (ասենք՝ դիմում, արձանագրություն, հրաման, պիես և այլն) թեև ունեն գրության արդեն մշակված առանձնահատուկ ձևեր (ասենք՝ որոշ տողեր խորքից, կենտրոնում, բաժանումներով և այլն), սակայն բոլորն էլ շարադրովում են ազատ, արձակ:
Հիշենք նաև, որ թեև աշխատանքային, գիտական և այլ բնույթի բոլոր տեքստերն էլ շարադրվում են արձակ, սակայն ընդունված է արձակ ասելով՝ առաջին հերթին հասկանալ գրական-գեղարվեստական արձակ ստեղծագործությունները (ասենք՝ Շիրվանզադեի «Քաոսը», Թումանյանի «Գիքորը» և այլն):
Չափածո Գրվում են միայն բանաստեղծական տեքստերը:
Չափածո (չափ և ածո կազմությամբ) գոյականը նշանակվում է չափված, չափի բերված, չափելու գործողության հետևանքով ստացված մի արդյունք: Չափածո բառը, դրվելով գոյականի վրա, կարող է դառնալ որոշիչ (օրինակ՝ չափածո ստեղծագործություն), բայի հետ՝ ձևի պարագա (օրինակ՝ <<Եվգենի Օնեգին>> վեպը գրված է չափածո):
Չափածոն մարդկային խոսքի ոչ բնական ձև է. ոչ ոք չափածո չի խոսում: Չափածո են երգերի տեքստերը. հայտնի է, որ երգը մարդկային որոշակի տրամադրույան հուզական – եղանակավոր դրսևորում է, բայց ոչ բնական հաղորդակցման խոսելաձև. այսպիսիք են նաև չափածո բանաստեղծությունները:
Չափածոն չափաբերված, ռիթմական խոսք է, որը արտասանական դադարներով բաժանվում է մասերի. դրանք առանձին կամ մի քանիսը միասինկազմում են կարճ կամ երկար մեկ տող (օրինակ՝ Նազում ես /ու շորորում//զմրուխտե / քո շորերում): Երկու կամ ավելի տողեր միանալով կազմում են բանաստեղծական տուն : Օրինակ՝
Նազում ես / ու շորորում// զմրուխտե/ քո շորերում,/
Շուք արած / ճամփի վրա// մանկության/ կանաչ արտի,/
քո կանչը/ զնգում է զիլ// իմ սրտի/խոր ձորերում/
Իմ հեռու,/ հեռու, հեռու// Նաիրյան/ դալար բարդի:
Այդ տները կարող են գրվել և՛ միացած, և՛ անջատ: Ռիթմական տարբեր մեծության (վանկերի քանակով) միավորները բանաստեղծական խոսքում կայուն դասավորությամբ կրկնվում են, որի շնորհիվ էլ ծնվում է խոսքի ռիթմը (այստեղ բոլորը տողեր ունեն 14-ական վանկ, որ արտասանում են՝ 7+7, իսկ դրանք՝ 3+4 վանկերի դադարներով): Տողերի ռիթմական հնչեղությանը օգնում են նաև հանգերը՝ տողերի վերջին բառերի միանման վերջնավանկերը (այստեղ՝ շորերում – ձորերում, արտի- բարդի), որոնք կարող են կրկնվել տարբեր դասավորթույամբ:
Նյութի աղբյուրը՝
Վ. Գաբրիելյան «Գրավոր խոսք»