Օտարաբանություններն ու հայերեն համարժեքները թվային աշխարհում

Նոր երևույթներն ու հասկացությունները երևի ամենից շատ ու ամենից արագ ի հայտ են գալիս թվային տեխնոլոգիաների ոլորտում: Այս հանգամանքով պայմանավորված էլ ամենաշատ փոխառությունները հավանաբար կատարվում են հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Փոխառությունների մի մասի համար բավական արագ ստեղծվում են համարժեքներ և կիրառության մեջ մտնում, մյուս մասի համար համարժեք գտնելը արագ չի լինում, և երկար ժամանակ գործածվում են օտար բառերը: Եվ այստեղ ծագում է հարց. ո՞ր դեպքում բառն ընդունել որպես փոխառություն, իսկ ո՞ր դեպքում՝ որպես օտարաբանություն: Ո՞ր դեպքում օտար բառի գործածությունը կարող է լինել ընդունելի, և ո՞ր դեպքում՝ անընդունելի:

Դիտարկենք օտար բառերի գործածության երեք դեպք՝ որպես փոխառություն, որպես տերմին և որպես օտարաբանություն:

Փոխառություն է համարվում այն բառը, բառակապակցությունը, որը փոխառող լեզվում (մեր դեպքում՝ հայերենում) չունի համարժեք՝ պայմանավորված երևույթի նոր լինելով: Փոխառության օրինակներ կարող են լինել՝

  • դարքնետ
  • սելֆի
  • փոդքասթ
  • քոփիռայթինգ
  • ֆիշինգ

քանի որ այս բառերի համար դեռևս հայերեն համարժեքներ չկան, կամ անհաջող են, կամ էլ դեռևս բառապաշարի լիրաժեք մասնիկ չեն:

Տերմին կարող են լինել օտար բառերը, որոնք որոշակի ոլորտի մասնագիտական հասկացություններ են, հասկանալի են տվյալ ոլորտի մասնագետներին և գործածվում են մասնագիտական միջավայրում: Տերմինների դեպքում օտար բառերի գործածությունը հանդուրժելի է, սակայն համարժեքների գործածությունն, այնուամենայնիվ, խրախուսելի է՝ հատկապես մասնագիտական միջավայրից դուրս:

  • լոգո – ապրանքանշան
  • կոնտենտ – բովանդակություն
  • պրոդուկտ – արտադրանք
  • պրոեկտ – նախագիծ

Եվ, վերջապես, օտարաբանությունները այն բառերն են, որոնց համարժեքները գոյություն ունեն լեզվում, կենսունակ են ու գործածական, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով (չիմացություն, նորաձևության տուրք, տարբերվելու ձգտում, պարզապես օտարամոլություն) գործածվում են օտար բառերը: Այսպիսի դեպքերում օտար բառերի գործածությունը խրախուսելի չէ, ուստի ներկայացնում ենք թվային հարթակներում գործածվող օտար բառերի և հայերեն համարժեքների փոքրիկ բառացանկ, որը, հուսով ենք, օգտակար կլինի և կնպաստի հայերեն համարժեքների գործածությանը:

  • անալիտիկա – վերլուծություն
  • դեյթա (data) – տվյալ, տվյալներ
  • էֆեկտիվ – արդյունավետ
  • թարգեթ, թարգեթինգ, թարգեթոլոգ – թիրախ, թիրախավորում, թիրախավորող
  • թրեյնինգ – ուսուցում, վերապատրաստում, դասընթաց
  • թրենդ – ուղղվածություն, միտում, նորաձևություն
  • թուլ (tool) – գործիք
  • լինք, բեքլինք – հղում, հետադարձ հղում
  • լոքեյշն – գտնվելու վայր, տեղակայում
  • օնլայն – առցանց
  • օֆլայն – անցանց
  • մենեջեր, մենեջմենթ – կառավարիչ, կառավարում
  • նեթվորքինգ – կապերի հաստատում
  • նոթիֆիքեյշն – ծանուցում
  • չաթ – զրույց, զրուցարան
  • չեքլիստ – ստուգաթերթ
  • պրեմիում – բարձրակարգ
  • պրոեկտ – նախագիծ
  • սթարթափ – նորարար ձեռնարկություն
  • սթրիմինգ – հեռարձակում
  • սիգնալ – ազդակ, ազդանշան
  • սմարթֆոն – խելախոս
  • ստրատեգիա – ռազմավարություն
  • վեբինար – առցանց սեմինար, հեռադաս
  • քոմենթ – մեկնաբանություն
  • քոմյունիթի – համայնք
  • ֆակտոր – գործոն

Այս թեմայով կարդացե՛ք նաև

Picture of Մարիամ Մուրադյան

Մարիամ Մուրադյան

Ողջո՜ւյն: Ուրախ եմ տեսնել ձեզ իմ կայքում: Ես Մարիամն եմ՝ տեքստերի վարպետ :) Առաջին երկու մասնագիտություններս են լեզվաբանությունն ու լրագրությունը: Աշխատել եմ խմբագրություններում ու հրատարակչություններում, ուսումնական հաստատություններում: 2014 թվականից սկսեցի բովանդակություն՝ կոնտենտ գրել նաև կայքերի համար, աստիճանաբար հմտացա քոփիրայթինգում ու թվային մարքեթինգում: Այժմ զբաղվում եմ թվային մարքեթինգի խորհրդատվությամբ ու մասնավորապես կայքերի օպտիմալացմամբ, բայց չեմ դադարում սիրել գրելը :) Գրում եմ կայքերի ու սոցցանցերի համար, մշակում եմ ուղեցույցներ, կարգեր, տեխիկական առաջադրանքներ, ուսումնական ծրագրեր...