Ճիշտ և գրագետ ռեզյումե ունենալն աշխատանքի ընդունվելու գրավականներից մեկն է: Այսօր շատ աշխատանքային կայքեր առաջարկում են ստեղծել ռեզյումե օնլայն տարբերակով՝ պարզապես լրացնելով ձևանմուշի համապատասխան դաշտերը: Օնլայն ռեզյումեները, սակայն, ոչ միշտ են օգնում, քանի որ մնում են տվյալ կայքում՝ այնտեղից օգտվող գործատուների համար: Շատ դեպքերում հարկավոր է լինում ինքնուրույն կազմել CV և ուղարկել տարբեր գործատուների էլեկտրոնային հասցեներին: Այս դեպքում, անշուշտ, հարկավոր է կազմել գրագետ ռեզումե՝ հետևելով ընդունված կանոններին:
Եվ այսպես, ինչպես կազմել գրագետ ռեզյումե, որպեսզի աշխատանքի ընդունվելու շանսերը հնարավորինս մեծ լինեն:
Հստակ ու կոնկրետ շարադրանք
Հիշեք, որ ռեզյումեն ինքնակենսագրություն չէ: Եթե ինքնակենսագրությունը պահանջում է ազատ շարադրանք, ապա ռեզյումեն պետք է ունենա հստակ կառուցվածք, որտեղ առանձին բաժիններով ներկայացվում են կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության, համակարգչային գրագիտության, մասնագիտական հմտությունների և անձնային որակների վերաբերյալ տեղեկություններ: Ցանկալի է, որ ռեզյումեի ծավալը չգերազանցի երկու էջը: Եթե փորձն ու հմտությունները բավական շատ են և գերանցում են նշված ծավալը, փորձեք ներկայացնել հիմնականում այն ինֆորմացիան, որն առավել շատ է համապատասխանում այն հաստիքին, որի համար ցանկանում եք դիմել: Մարդկային ռեսուրսների ղեկավարները նույնպես զբաղված մարդիկ են և ցանկանում են խնայել իրենց ժամանակը, ուստի քիչ հավանական է, որ ամենայն մանրամասնությամբ կընթերցեն երեք և ավելի էջից բաղկացած ռեզյումեները:
Կառուցվածք և արտաքին տեսք
Ռեզյումե կազմելիս հետևեք կառուցվածքի ստանդարտներին: Հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ են դիմում աշխատանքի համար, հաճախ չգիտեն, թե ինչպես պետք է կազմել ռեզյումեն, ինչ հերթականությամբ ներկայացնել ինֆորմացիան և այլն: Պետք չէ շատ անհանգստանալ, քանի որ գոյություն ունեն պատրաստի լուծումներ: Բոլորիս ծանոթ Microsoft Word ծրագիրը տրամադրում է ռեզյումեի պատրաստի նմուշներ: Անհրաժեշտ է ընտրել դրանցից մեկը, որն առավել դուր է գալիս, և լրացնել համապատասխան դաշտերը ձեր մասին ինֆորմացիայով: Դե, իսկ եթե Microsoft Word-ի նմուշները չեք հավանում, կարող եք ստեղծել ռեզյումե օնլայն ու միանգամայն անվճար: Մի շարք կայքեր, ինչպիսիք են, օրինակ, canva.com, crello.com, rezume.me, cvmkr.com, cvonline.me և այլն (բոլորը թվարկել հնարավոր չէ, դրանք հարյուրների են հասնում), տրամադրում են ռեզյումեի անվճար նմուշներ, որոնք հնարավոր է լրացնել օնլայն և ներբեռնել անվճար: Ձևավորման և կառուցվածքի խնդիրն այսպիսով լուծված է:
Ժամանակագրություն
Կրթության վերաբերյալ տեղեկությունները ռեզյումեի մեջ նշվում են դպրոցից սկսած, իսկ աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություները սովորաբար հակառակ հերթականությամբ են ներկայացվում: Առաջինը պետք է նշել վերջին աշխատանքի մասին տեղեկությունները, և ապա նույն տրամաբանությամբ շարունակել՝ ցանկի վերջում ներկայացնելով ամենաառաջին աշխատանքի վերաբերյալ տեղեկությունները:
Գրագիտություն
Այո՛, այս կետը վերաբերում է ուղղագրությանն ու կետադրությանը: Տառասխալներով հարուստ ռեզյումեներն առաջին իսկ հայացքից կարող են նվազեցնել դիմորդի վերաբերյալ հետաքրքրությունը և հարցազրույցի հրավիրելու հավանականությունը, նույնիսկ եթե դիմում են խոհարարի հաստիքի համար: Եթե վստահ չեք ձեր ուժերին, խնդրեք որևէ մեկին սրբագրել ռեզյումեն նախքան այն ուղարկելը:
Մասնագիտական հմտություններ և ձեռքբերումներ
Կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ (տարիների քանակ, պաշտոն և այլն) տրամադրելուց բացի, ցանկալի է նշել, թե ինչպիսի մասնագիտական հմտություններ ու ձեռքբերումներ ունեք: Սա ռեզյումեի ոչ պարտադիր, սակայն ցանկալի կետ է: Թվարկեք ձեր մասնագիտական հմտությունները, որոնք ոչ մի կերպ չեն արտացոլվել աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններում: Օրինակ՝ եթե դուք օտար լեզվի մասնագետ եք և աշխատել եք լեզվի կենտրոնում, սակայն կատարել եք նաև մասնավոր թարգմանություններ, մասնագիտական հմտություններում անպայման նշեք այդ մասին: Եթե մարքեթինգի բաժնի աշխատակից եք և ձեր մշակած ռազմավարության արդյունքում ընկերության վաճառքները մեծացրել եք, ձեռքբերումների բաժնում անպայման խոսեք այդ մասին՝ ներկայացնելով թվեր կամ տոկոսներ: Հիշեք, սակայն, որ այստեղ կարևոր է անկեղծությունը, և եթե չունեք հստակ ձեռքբերումներ, պարզապես շրջանցեք այս հատվածը:
Ոչ մասնագիտական հմտությունների և անձնային որակներ
Այստեղ նույնպես պետք չէ ավելորդ համեստություն անել. եթե ունեք կազմակերպչական, ղեկավարման հմտություններ, ճկուն եք և կարողանում եք արագ կողմնորոշվել խնդրահարույց իրավիճակներում, արդյունավետ կառավարել ժամանակը, ապա համարձակորեն նշեք այդ մասին: Եթե չունեք նմանատիպ հմտություններ և գործատուն չի պահանջում նշել, պարզապես շրջանցեք այս հատվածը:
Կոնտակտային տվյալներ
Այո՛, սա նույնպես կարևոր պայման է: Ռեզյումեում անպայման հարկավոր է նշել կապի այն միջոցները, որոնցով գործատուն կարող է կապվել ձեզ հետ: Մի՛ նշեք կապի միայն մեկ միջոց, քանի որ հնարավոր է՝ որևէ պահի ինչ-ինչ տեխնիկական խնդիրներ թույլ չտան այդ եղանակով կապվել ձեզ հետ: Անպայման նշեք էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար (եթե երկու հեռախոսահամար, նշեք երկուսն էլ): Կարելի է որպես կապի հավելյալ միջոց տեղադրել նաև սոցիալական պրոֆիլների հղումները:
Գրագետ ռեզյումեին ներկայացվող հիմնական պահանջները թերևս այսքանն էին: Մեր հաջորդ հոդվածներում կխոսենք նաև այն մասին, թե ինչ պետք չէ անել ռեզյումե կազմելիս:
Մաղթում ենք հաջողություն և հիշեցնում, որ ռեզյումե կազմելուց և ուղարկելուց հետո ձեզ սպասում է ավելի կարևոր փուլ՝ հարցազրույցը, որտեղ կարևոր են ձեր լավատեսությունը, մոտիվացիան և համարձակությունը:
Իսկ այս նյութը պատրաստել էինք մեր գործընկեր toptrip.info կայքի համար 🙂