Այս հարցը հուզում է բոլոր նրանց, ում վստահված է բլոգի զարգացման ռազմավարության մշակման կամ հոդվածների ստեղծման պատասխանատվությունը: Անկախ նրանից, դա անձնական բլոգ է թե կորպորատիվ, կարևոր է նյութի մատուցման եղանակը, որից էլ անմիջականորեն կախված է լսարանի հավատարմությունը:
Նշում. մի՛ տրվեք տարածված այն թյուր կարծիքին, թե կայքերում հրապարակվող տեքստերը միայն որոնման համակարգերի համար են, ոչ ոք դրանք չի կարդում, բավական է միայն բանալի բառերով տեքստի առկայությունը: Մարդիկ ինֆորմացիա են որոնում համացանցում եւ ԿԱՐԴՈՒՄ են այդ ինֆորմացիան, ուստի կարևոր են թե՛ նյութի գրագիտությունը, թե՛ ինֆորմացիայի հավաստիությունը և թե՛ մատուցման եղանակը:
Ներկայացնենք հոդվածների մի քանի տեսակ, որոնք արդյունավետ են և պահանջված ընթերցողների կողմից:
Ընդհանրական ինֆորմացիոն հոդված կամ ակնարկ
Ընդհանրական հոդվածները կոնտենտի ամենատարածված և պահանջված տեսակն են: Այսպիսի հոդվածներ կարելի է գրել ամեն ինչի մասին՝ ապրանք, ծառայություն, երևույթ և այլն: Ընդհանրական հոդվածներն իրենց տեղը կարող են գտնել թե՛ անձնական և թե՛ կորպորատիվ բլոգներում:
Ինչի՞ն ուշադրություն դարձնել: Ակնարկներն ընդհանրական բնույթ են կրում, ուստի ցանկացած առարկայի և երևույթի մասին խոսելիս անհրաժեշտ է այն ներկայացնել համակողմանիորեն՝ առավելություններով ու թերություններով հանդերձ: Ընդհանրական հոդվածներում իրենց տեղն ունեն նաև համեմատությունները, երբ խոսվում է համանման առարկաների մասին՝ միաժամանակ ներկայացնելով և համեմատելով դրանց դրական ու բացասական կողմերը: Ընդհանրական ինֆորմացիոն հոդվածի օրինակ Կայքի թրաֆիկի վերլուծություն. Google Analytics vs Yandex Metrika
Կարծիք, տեսանկյուն, անձնական փորձ
Հոդվածների այս տեսակն իդեալական է լսարանը խթանելու համար, քանի որ ցանկացած տեսանկյուն առաջ է բերում ընթերցողների առարկություն, հրահրում է քննարկում և կարծիքների բախում: Ամենից հաճախ կիրառվում է անձնական բլոգում:
Ինչի՞ն ուշադրություն դարձնել:
Կարծիք ու տեսանկյուն հայտնելու դեպքում պետք է պատրաստ լինել ընթերցողների արձագանքին, որը կարող է լինել թե՛ համաձայնության ու թե՛ անհամաձայնության տեսքով: Իդեալական տարբերակ է հրապարակումը օրգանական տարբերակով խթանելու համար թե՛ կայքերում ու թե՛ սոցցանցերում, քանի որ ընթերցողների թողած մեկնաբանություններն ուղղակիորեն կնպաստեն նյութի առաջխաղացմանը: Հոդվածի օրինակ՝ Ինչպե՞ս «կրթել» պոտենցիալ հաճախորդներին սոցցանցերում
Հարց և պատասխան
Հարցի տեսքով ձևակորպված վերնագիրն ու դրան ի պատասխան ներկայացված տեքստը նույնպես լսարանի խթանման տարբերակ է: Այսպիսի հրապարակումներ ստեղծելիս հեղինակն ասես երկխոսության մեջ է մտնում ընթերցողի հետ՝ կանխատեսելով վերջինիս մոտ ծագող հարցերն ու տալով դրանց պատասխանները: Այս հնարքի շնորհիվ ընթեցողն իրեն զգում է երկխոսության մասնակից, ձևավորվում է փոխադարձ վստահություն և մտերմություն հեղինակի ու ընթերցողի միջև:
Ինչի՞ն ուշադրություն դարձնել
Ճիշտ հարցադրումների հիման վրա ստեղծված հոդվածները ոչ միայն օգնում են գրավել ընթերցողների ուշադրությունն ու վստահությունը, այլ նպաստում որոնման համակարգերում օրգանական առաջխաղացմանը: Սա հաշվի առնելով՝ ճիշտ կլինի հոդվածը կառուցել այն հարցերի շուրջը, որոնք փնտրվում են որոնման համակարգերում: Հարցուպատասխանի օրինակ՝ Սրբագրիչ. ո՞վ է նա և ի՞նչ է անում:
Օգտակար ցանկեր
Օգտակար ցանկեր ընտրել և հոդվածի տեսքով ներկայացնել կարելի ինչի մասին ասես, դրանք կարող են լինել մասնագիտական փոքրիկ բառարաններ, գործիքների թվարկում, տեղեկատուներ և այլն: Պարզ ու դասակարգված տեղեկատվություն, ցանկ տրամադրելով ընթերցողին՝ օգնում ենք գտնել անհրաժեշտ ինֆորմացիան արագ ու հեշտ:
Ինչի՞ն ուշադրություն դարձնել: Ցանկեր ստեղծելու համար անհրաժեշտ է նվազագույն ստեղծագործական և առավելագույն կազմակերպչական ու հետազոտման ունակություն: Անհրաժեշտ է հետևել տարբեր հարթակներում եղած ինֆորմացիային և հրապարակել այնպիսի ցանկեր, որպիսին դեռ չկա, բայց պահանջված է (այստեղ նույնպես օգնության կհասնեն որոնման համակարգերի տրամադրած տվյալները): Օգտակար ցանկի օրինակ՝ 5 հարթակ, որտեղ կարելի է անձնական բլոգ վարել:
Խնդիր և լուծում
Դարձյալ պահանջված և օգտակար կոնտենտի տեսակ է, երբ խոսվում է կոնկրետ խնդրի և դրա լուծման մասին: Այսպիսի հոդվածներն ամենից արժեքավորն են, քանի որ օգնում են լսարանին լուծել իրենց անհանգստացնող հարցը ինքնուրույն՝ հենվելով մեկ ուրիշի փորձառության վրա:
Ինչի՞ն ուշադրություն դարձնել: Խնդրի լուծում առաջարկելիս կարելի է ներկայացնել թե՛ սեփական փորձը և թե՛ փորձագետների առաջարկած լուծումները: Այսպիսի հոդվածներ հրապարակելով ձեր բլոգում՝ կարող եք կայանալ որպես ոլորտի փորձագետ և ձեռք բերել հավատարիմ լսարան: Լուծում առաջարկող հոդվածի օրինակ՝ Ի՞նչ անել, եթե նոթբուքի մեջ ջուր է լցվել:
Ուսուցողական հոդվածներ
Հոդվածի այս տեսակը նման է նախորդին. հեղինակը ներկայացնում է օգտակար խորհուրդներ, տալիս հարցերի պատասխաններ, հորդորում, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն իրավիճակում: Հստակ ձևակերպված ու հիմնավորված խորհուրդները հիմնականում ուսուցողական բնույթ են կրում և շատ օգտակար նյութ են նրանց համար, ովքեր ուզում են գիտելիքներ ձեռք բերել որևէ ոլորտում:
Ինչի՞ն ուշադրություն դարձնել: Եթե պատրաստվում ենք խորհուրդներ տալ այս կամ այն հարցի շուրջը, առաջին հերթին անհրաժեշտ է բավականաչափ գիտելիք և փորձ ունենալ նշված ոլորտում: Կարևոր է ներկայացնել փորձված խորհուրդներ և հավաստի տեղեկություններ: Ուսուցողական հոդվածի օրինակ՝ 4 գործոն, որ կարող են երաշխավորել կոնտենտի հաջողությունը:
Ամփոփում
Հոդվածների թվարկված տեսակները կիրառելի են ցանկացած թեմատիկայի համար, լինի անձնական, թե կորպորատիվ բլոգում: Միևնույն բլոգի համար հոդվածներ ստեղծելիս կարելի է կիրառել բոլոր նշված տեսակները՝ միօրինակությունից խուսափելու և բլոգն ավելի օգտակար ու հետաքրքիր դարձնելու համար: