Կոնտենտ գրել կարողանում են շատերը, իսկ ա՛յ, հաջողված՝ ընթերցվող տեքստեր գրելը ոչ բոլորի մոտ է ստացվում: Ընդ որում տեքստի հաջողությունը ոչ միշտ է ուղղակիորեն կախված լինում դրա բովանդակությունից: Նույնիսկ շատ արժեքավոր բովանդակությունը կարող է վանել ընթերցողներին, եթե գրելիս հաշվի չառնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են խոսքի արժանիքները: Անդրադառնանք դրանցից 4-ին:
1. Մատչելիություն
Ինչպես բանավոր խոսքում, այնպես էլ տեքստերում խրթնաբանություններով, բազմաբարդ նախադասություններով ներկայացված մտքերը կարող են վանող լինել, և մեծ է հավանականությունը, որ ընթերցողը շատ արագ կդադարեցնի ընթերցանությունը՝ չհասցնելով ըմբռնել նույնիսկ, թե ինչի մասին է նյութը:
Ժամանակակից թվային հարթակների համար հաջողված կոնտենտ ստեղծելու նախապայմաններից մեկը մատչելի շարադրանքն է, որն ընթերցողին թույլ է տալիս հեշտությամբ, առանց կամային ճիգեր գործադրելու ընկալել բովանդակությունը:
Մատչելիությունն ամենևին էլ չի ենթադրում պարզունակ ու կցկտուր գրվածք. մատչելիության նպատակն է նյութի էությունն անմիջականորեն ընթերցողին հասցնելը:
2. Հակիրճություն
Հակիրճությունը խոսքի բարձր մշակույթի արտահայտություն է, մինչդեռ երկարաբանություններն ու ավելորդաբանությունները ձանձրացնող են: Ինֆորմացիան հակիրճ, առանց ջուր ծեծելու ներկայացնելը, մի քանի նախադասության մեջ մի ամբողջ վեպի բովանդակությունն ամփոփելը իսկական արվեստ է, որը կարող է ձեռք բերվել փորձի ու փորձարկումների արդյունքում:
Տեքստի հիմնական բովանդակությանը չվերաբերող երկար-բարակ պատումները կարող են շփոթեցնել ընթերցողին ու շեղել բուն նյութից, իսկ որքան կոնկրետ է ներկայացվում նյութը, այնքան հեշտ է ընկալվում իրողությունը:
Հաջողված կոնտենտ ստեղծելու համար անհրաժեշտ է հավատարիմ մնալ վերնագրին/բուն թեմային, որքան էլ մեծ լինի նյութին առնչվող ամեն ինչի մասին նույն տեքստում գրելու գայթակղությունը:
3. Համառոտություն
Նախորդ՝ հակիրճության գործոնն ամենևին էլ չի նշանակում, որ պետք է միևնույն նախադասության մեջ խոսել թեմային առնչվող մասին: Այդ դեպքում կստանանք բազմաբարդ ու երկարաշունչ նախադասություն, որն էլ խոսքի մեկ այլ արժանիքի՝ համառոտության թշնամին է:
Համառոտ գրելը վկայում է այն մասին, որ գրողը կարողանում է կազմակերպված ու ամփոփ ներկայացնել մտքերը՝ զտելով բուն թեման կողմնակի ինֆորմացիայից: Մյուս կողմից, սակայն, չի կարելի մեկ ամբողջական միտքն իր լրացումներով բաժանել պարզ համառոտ նախադասությունների՝ գնալով պարզունակության:
4. Շարադրանքի պարզություն
Եթե տեքստը նեղ մասնագիտական չէ և նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար, ապա պետք է գրել այն բոլորին հասկանալի լեզվով: Անհրաժեշտ է խուսափել ակադեմիական գրականությանը բնորոշ բարդ շարադրանքից (բազմաբարդ ստորադասական նախադասություններ, մասնագիտական դատողություններ): Որքան էլ գայթակղիչ լինի գեղեցիկ գրելու ցանկությունը, պետք է խուսափել գործածությունից դուրս եկած գրքային-գեղարվեստական բառապաշարից, որը կարող է անբնական դիտվել ու արհեստական պաթոս հաղորդել տեքստին:
Ինչպես նկատեցիք, տեքստարվեստին վերաբերող այս 4 գործոնները վերաբերում էին բովանդակության ներկայացմանը, իսկ բուն բովանդակությանը և արտահայտչականությանը վերաբերող գործոնների մասին կխոսենք մեկ այլ անգամ: Հետևե՛ք մեր բլոգին: